Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Իրականացվել է հետախուզական մարտ. ուժերի, իրավիճակի փորձարկում էր, ներկայացման նման մի բան»

«Իրականացվել է հետախուզական մարտ. ուժերի, իրավիճակի փորձարկում էր, ներկայացման նման մի բան»
08.04.2016 | 10:14

Անսպասելի՞ էին արդյոք Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, հայկական բանակի այսօրինակ բարձր մարտունակությունն ու դիմակայումը: Նպատակահարմա՞ր էր քառօրյա պատերազմին հաջորդած զինադադարը: Կա կարծիք, որ չպետք է կասեցվեր մեր բանակի հաղթական առաջխաղացումը:
Գրող, ազատամարտիկ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ, անդրադառնալով այս հարցերին, ասաց, որ բախումների հենց առաջին օրը մտածել է, որ իրականացվել է, այսպես կոչված, հետախուզական մարտ («разведка боем»): «ՈՒժերի, իրավիճակի փորձարկում էր, ներկայացման նման մի բան, որ անհրաժեշտ էր Թուրքիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին»: Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին ու դիրքորոշմանը` ասաց, որ հետաքրքիր բան է նկատել, Զեյթունի հերոսամարտերի շրջանում էլ Արշակ Չոպանյանը արձանագրում է, որ միջազգային հանրություն, Եվրոպա կոչվածները ակտիվանում են միայն այն դեպքում, երբ հայերը հակահարձակման են անցնում, թշնամուն պարտության մատնում: Իսկ մինչ այդ թուրքերը կարող են ամեն ինչ անել, նրանք աչքերը փակում են` իբր չեն նկատում. «Այսօր այդ դիրքորոշումը պարզ երևաց: Քանի տարի է՝ ազերիները խախտում են հրադադարը, միջազգային հանրությունը երկու կողմերին է հանգստության կոչ անում: Նորից հարձակվեցին, նորից իբր չէին նկատում, երբ հայերը սկսեցին ջարդել թշնամուն, միջազգային հանրությունը ակտիվացավ, իրար խառնվեց: Ոնց որ ադրբեջանցիների թիկունքը լինի, սրտները ցավում են»:
Ագրեսոր կողմի զինադադարի մարտավարությունն էլ շատ պարզ է. 2000-ից ավելի զոհ են տվել: Բայց դադարի ընթացքում պետք է դատական պրոցեսները վեր հանվեն: Ադրբեջանը միջազգային նորմերով արգելված զենքեր է կիրառել բնակավայրերի հրետակոծության նպատակով: Բարեբախտաբար, արկերը չեն պայթել, հակառակ դեպքում կունենայինք բազմաթիվ զոհված երեխաներ:
Զրուցակիցս նկատեց նաև, որ պանթուրքիզմի գաղափարն է այս ամենի հիմքում: «Հայաստանը սեպի նման կանգնած է պանթուրքիզմի ճանապարհին: Իսկ ով դրանց թիկունք է կանգնում, փաստորեն, մասնակցում է միջազգային մեծ հանցագործության, ոչ թե Արցախի, այլ ամբողջ մարդկության մասշտաբով: Մարդասպաններին, ոչինչ չստեղծողներին, որոնք միայն թալանել ու մորթել գիտեն, կայսրություն ստեղծելու հնարավորություն տալը կարող է դառնալ երկրագնդի վերջը: Ամեն դեպքում` երկու անսպասելի բան կատարվեց. մերոնք մեկին քսան հարաբերությամբ ջարդեցին թշնամուն: Ընդ որում` առանց խախտելու միջազգային որևէ օրենք` տարածքային և այլ: Ինձ համար այս մասշտաբն անսպասելի էր: Երկրորդ ուրախալի փաստը ամբողջ աշխարհում հայ ժողովրդի ոտքի կանգնելն էր: Ամեն պարագայում, օգտվելով առիթից, որպես բազմաթիվ ընկերներ կորցրած ազատամարտիկ, սրտով, հոգով ցավակցում եմ մեր զոհված հերոս տղաներին»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ